Հայաստանի նախագահի ընտրություններում թիվ 17/05 ընտրական տեղամասում ընտրական խախտումների գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության մասնագետ Սերգեյ Մուրադյանին:
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 38-153-րդ հոդվածով (Ընտրության մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով եւ Մեկից ավելի կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն օժանդակելը):
Ըստ նախաքննական մարմնի Սերգեյ Մուրադյանն է եղել այն անձը, ով տեղամասում բռնություն է գործադրել դիտորդ Նարինե Իսմայիլի նկատմամբ, բռնել նրա ձեռքերը, զրկել շարժվելու, լուսանկարելու, տեսաձայնագրելու հնարավորությունից՝ այդպիսով խոչընդոտելով նրա լիազորությունների իրականացմանը եւ օժանդակելով մեկ այլ անձի՝ քվեաթերթիկներ լցնել քվեատուփի մեջ եւ քվեարկել այլ անձի փոխարեն:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, Սերգեյ Մուրադյանը Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդին է:



























