Իրավական կողմը պահպանված է, բայց կա մարդկային կոռեկտության, բարոյականության խնդիր, ի վերջո, հինգ տարվա կառույցի անունն են վերցրել, մենք աղմուկ չենք հանում, իրենք են հանում։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ դաշինքի մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա նշեց, որ իրականում երկու ՀԱԿ կար: «Իրականության հետ պետք է հաշվի նստել, կա օրենքի սահմաններում ձեւավորված Հայ ազգային կոնգրես կուսակցություն եւ կա համարյա հինգ տարի գոյություն ունեցող ՀԱԿ կուսակցությունների միավորում: Նորաստեղծ կուսակցությունը որոշեց, որ հինգ տարվա կառույցի անունը պետք է վերցնեն իրենց կուսակցության անուն դարձնեն։ Մենք չենք աղմկում, թե ինչու եք մեր անունը վերցնել, նրանք են աղմկում, թե մեր անունից հանդես մի եկեք»,- ասաց Սոս Գիմիշյանը։
Նա շեշտեց, որ իրավական իմաստով ՀԱԿ կուսակցությունների միավորումը երբեք իրավաբանորեն գրանցված չի եղել, նորաստեղծ կուսակցությունը կարող էր վերցնել այդ անունը: «Մենք երբեք ՀԱԿ կուսակցության անունից հանդես չենք եկել, մենք հանդես ենք եկել ՀԱԿ-ի անունից, որը կարելի է կոչել կուսակցությունների միավորում։ Եթե կարդալ չգիտեն, դա իրենց պրոբլեմն է, մենք հանդես ենք եկել որպես ՀԱԿ կուսակցությունների միավորում»,- ասաց Սոս Գիմիշյանը։
Սոս Գիմիշյանը չցանկացավ անդրադառնալ Լեւոն Զուրաբյանի մամուլի ասուլիսում մարդ-կուսակցությունների, կնիք-կուսակցությունների մասին հայտարարությանը։ Նա նշեց, որ շարունակելու է զուսպ լինել իր գնահատականներում, որովհետեւ ՀՀՇ-ում ունի ընկերներ, հարգում է հիմնադիր նախագահի ինստիտուտը, «սուտ չեմ ասի, բայց ճշմարտությունն էլ մինչեւ վերջ չեմ ասի»։
«Ինչ լավ է՝ մարդ ենք եւ կուսակցություն ենք, բա ի՞նչ կասեք նրանց մասին, ով ոչ մարդ է, ոչ՝ կուսակցություն։ Հասկացանք, փոքր կուսակցություն է, չունենք գրասենյակ, միջոցներ, կլինի փող, ամենամեծ կուսակցությունը կսարքենք։ Լավ, ոչինչ փոքր ենք, թույլ ենք, ոչ մի ազդեցություն չունենք, ինչի՞ եք աղմուկ, աղաղակ, ղժոց գցել, փոքր ենք, կգնանք կկորենք»,- ասաց նա՝ տարակուսանք հայտնելով, որ տարիներ առաջ նույն անձինք հպարտորեն հայտարարում էին, թե ՀԱԿ դաշինքը 18 կուսակցություններից է բաղկացած, այդ ժամանակ չէին հիշում, որ փոքր են:




























