«Առաքելություն» կուսակցությունը կպայքարի Երեւանի բարօրության համար եւ համոզված է, որ հասարակությունը կընդունի նրա մոտեցումները: Այս մասին այսօր` ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի ավագանու ընտրություններում «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավարող Մեսրոպ Առաքելյանը:
Նրա խոսքով` գործող իշխանությունների վարած քաղաքականությունը չի համապատասխանում կուսակցության գաղափարներին: «Առաելություն» կուսակցությունն ընդդիմադիր կուսակցություն է: Մեր սերունդն ունի լավ գաղափարներ, շատ էներգիա, քիչ թե շատ ռեսուրսներ, նույնիսկ շրջաններում մենք ունենք լուրջ ակտիվիստներ»,- նշել է Առաքելյանը: Ընդ որում, նա նշել է, որ կուսակցության վեցամսյա գործունեությունն ապացուցել է, որ իրենք նպատակ չունեն ինչ-որ մեկին քննադատելու. «Մենք ձգտում ենք իրականացնել մեր առաքելությունը»,-ասել է նա:
Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, ապա դա, ըստ Առաքելայնի, թանկ հաճույք է: «Ամեն անգամ հարցնում են` որտեղից մեզ միջոցներ: Մենք նախընտրական շտաբներ չունենք, մեր քարոզարշավն իրականացնում ենք բակերում կազմակերպված հանդիպումների միջոցով՝ կուսակցության անդամների ներդրումներով»,- նշել է նա` կոչ անելով հետաքրքրվել, թե ուրիշներին որտեղից այդքան միջոցներ:
Առաքելյանը համարում է, որ քաղաքական ուժերի մեծ մասը քաղաքականությունը վերածել է բիզնես ծրագրի: «Իսկ մեզ մոտ ամեն ինչ կազմակերպվում է կամավոր սկզբունքով: Իմ կարծիքով` եթե մենք պահանջկոտ չլինենք, իշխանությունները ոչինչ չեն անի մեզ համար: Բոլորն են աշխատում նման ձեւով: Պետք է պահանջկոտ լինել եւ վերացնել անպատժելիության մթնոլորտը»,- ամփոփել է Առաքելյանը:




























