2013 թ. առաջին ամիսներին Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է նախորդ տարվա համեմատ: Այդ մասին այսօր՝ ապրիլի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ամստադ տուր» զբոսաշրջային գործակալության հիմնադիր տնօրեն, ներգնա տուրօպերատորների միության նախագահության անդամ Արմինե Ադամյանը: Նրա տեղեկացմամբ՝ եթե նախորդ տարի այս ժամանակահատվածում Հայաստան էին բերում 10-12 խումբ, այս տարի՝ 2-3; Պատճառը, նրա խոսքով, ավիատոմսերի բարձր գներն են: (ֆոտոռեպորտաժ)

«Երեւան –Պրագա տոմսն արժե 592 եվրո, իսկ Թբիլիսի-Պրագան՝ 330 եվրո: Իսկ զբոսաշրջիկների համար հաճախ ազդեցություն չկա՝ Վրաստա՞ն, թե՞ Հայաստան, երկու երկրներում էլ եկեղեցիներ կան, համով կերակուրներ են մատուցում»,- ասաց Ա. Ադամյանը: 

Սակայն, նրա ներկայացմամբ, Հայաստանում հյուրանոցային բիզնեսն ավելի կայացած է, քան հարեւան Վրաստանում, որտեղ եւ սպասարկման որակն է ցածր, եւ գներն են բարձր:

Հայաստանին խանգարում է նաեւ այն հանգամանքը, որ եվրոպական մի շարք խոշոր երկրների հետ ուղիղ օդային հաղորդակցություն գոյություն չունի: Օրինակ՝ վերջին շրջանում իսպանացիները մեծ հետաքրքրություն են դրսեւորում Հայաստանի նկատմամաբ, սակայն այստեղ պետք է հասնեն տարանցիկ ուղիով, իսկ 50-անց զբոսաշրջիկի համար դա հաճախ անընդունելի է: