Հայաստանի կոմունիստական կուսակցությունը որոշել է չմասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին եւ չսատարել որեւէ քաղաքական ուժի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը:
«Երեւանի ավագանու ընտրությունները ժողովրդին խաբելու ժամանակաշրջանի դրսեւորում է, որը եկել է մեր երկրում»,-ընդգծեց նա:
Հայաստանի գլխավոր կոմունիստի համոզմամբ՝ վերջին 22 տարում հանրապետությունում ազատ եւ արդար ընտրություններ տեղի չեն ունեցել: «Ոչ խորհրդարանական, ոչ նախագահական ընտրություններում գաղափարական պայքար չի եղել, ժողովրդի վրա ճնշումը շատ մեծ էր եւ մարդկանց սոցիալական վիճակը ներկայումս շատ ծանր է»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ մեծ անդունդ է գոյացել եւ այդ իրավիճակը նպաստում է արտագաղթին:
Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան մայիսի 5-ին, որին մասնակցում են 6 կուսակցություններ (ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, ՕԵԿ եւ «Առաքելություն») եւ «Բարեւ Երեւան» դաշինքը:




























