Առաջիկա շաբաթների ընթացքում կճշտվի Հայ ազգային կոնգրես կուսակցությունների միավորման կազմը, այժմ նախնական բանակցություններ են վարում։ Այս մասին այսօր՝ պրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ կազմում ընդգրկված «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նա համոզմունք ունի, որ մի քանիսը կվերադառնան, կմիանան իրենց։ «Հույս ունեմ, որ «Այլընտրանքը» եւ «Ազատությունը» կվերադառնան, Ստեփան Դեմիրճյանը վստահեցրել է, որ շարունակում է մնալ ՀԱԿ-ի կազմում։ Նպատակը մեկն է՝ համատեղված գործել»,- ասաց նա՝ շեշտելով, որ անձամբ խոսել է Արամ Սարգսյանի, Վաղարշակ Հարությունյանի, Լիբերալ կուսակցության հետ, դիմել են Ժիրայր Սեֆիլյանին, Լյուդմիլա Հարությունյանին եւ այլն։ Նրա խոսքով՝ մի քանիսը ոգեւորվածությամբ են ընդունել իրենց նախաձեռնությունը, նույնիսկ կա հավաստիացում, որ կգան, կմիանան, սակայն քանի դեռ չեն արել հայտարարություն, ինքը ոչինչ չի ցանկանա ասել։
Սոս Գիմիշյանը Հրանտ Բագրատյանի հետ եւս զրուցել է, նա այժմ սառեցրել է իր հարաբերությունները ՀԱԿ-ի հետ, բայց ասել է, որ սկսեք գործունեությունը, կգա պահը, որոշում կկայացնի՝ միանալ իրենց կամ դուրս գալ ՀԱԿ կազմից։ Ինչպիսին էլ լինի վերջինիս որոշումը, նա միայն հարգանքով է վերաբերում դրան, թեեւ երազում է, որ կհամագործակցի իրենց հետո։ Նիկոլ Փաշինյանի հետ խոսել է Պետրոս Մակեյանը, նա եւս նորմալ է վերաբերում ՀԱԿ դաշինքի գործունեությունը վերսկսելու նախաձեռնությանը, փորձելու են կոնսուլտացիաների միջոցով նրան եւս վերադարձնել դաշինք։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ստեփան Դեմիրճյանին ՀԱԿ դաշինքի առաջնորդ դառնալու մաիսն լուրերը, նա պատասխանեց, որ այդպիսի քննարկումներ չեն եղել, նախ դեռ պետք է կազմը հստակեցվի, իսկ բոլորով կհավաքվեն, կքննարկեն թե անվանման, թե առաջնորդի եւ թե մնացած հարցերը։ Գիմիշյանն անձամբ այդպիսի խոսակցության չի մասնակցել:
Ինչ վերաբերում է «Մարդու իրավունքներ 96» կուսակցության՝ ՀԱԿ խմբակցությունից Արամ Մանուկյանին, Լեւոն Զուրաբյանին եւ Գագիկ Ջանգիրյանին հեռացնելու մասին հայտարարությանը, ապա Սոս Գիմիշյանը չի տեսնում այդ խնդրի իրավական լուծումները։ «Եթե իրավական լուծումներ լինեն, կարող էինք անդրադառնալ, եթե ցույց տան այդ ճանապարհը, կարող են քննարկման առարկա դարձնել»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե ՀԱԿ անդամ կուսակցություններից մեկը նմն հարց բարձրացնի, իրենք անպայման դա կքննարկեն եւ վերջնական որոշումը կկայացնեն միասնաբար:




























