Պակիստանի նախկին նախագահ, գեներալ Փերվեզ Մուշարաֆը քաղաքական է որակել իր դեմ առաջադրված մեղադրանքները, որոնցով այսօր նրան ձերբակալել են: Մուշարաֆին մեղադրել են պետական դավաճանության եւ 2007թ. գերագույն դատարանի դատավորների ապօրինի ձերբակալության մեջ:

«Ինձ ներկայացված մեղադրանքները` դատավորների ձերբակալության գործով ընդհանուր ոչինչ չունեն այն դեպքերի հետ, որ տեղի են ունեցել իրականում: Այդ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, եւ ես պայքարելու եմ դրանց դեմ»,- ասել է Մուշարաֆը Facebook-ի իր էջում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Պակիստանում ձերբակալել են նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին: Ոստիկանները նրան ձերբակալել են Իսմալաբադի մերձակայքում գտնվող նստավայրում եւ տեղափոխել դատարան, որտեղ քննվում է նրա դեմ քրգործը պետական դավաճանության մեղադրանքով: Երեկ դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին կալանավորելու օրդեր էր տվել, թեեւ նրա փաստաբանները նրան գրավով ազատելու միջնորդություն էին ներկայացրել։ Լսելով դատավորի որոշումն ու չսպասելով կալանքին՝ Մուշարաֆը փախել էր նիստերի դահլիճից։

Ոստիկանները պատրաստվել են կալանավորել քաղաքական գործչին, սակայն նա բառացիորեն դուրս էր պրծել իրավապահների ձեռքից եւ սեւ մեքենայով փախել է անհայտ ուղղությամբ: Հինգ տարի վտարված լինելուց հետո քաղաքական գործիչը երկիր էր ժամանել մարտի վերջին՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու։ Սակայն դատարանն արգելել էր նրան առաջադրվել։ Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները սպառնացել էին, որ եթե Փ.Մուշարաֆը համարձակվի վերադառնալ Պակիստան, նրան կսպանեն։ Քաղաքական գործիչն արհամարհել էր սպառնալիքները։