Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը Հայ ազգային կոնգրես դաշինքի առաջնորդ դառնալու մասին առաջարկ չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Ստեփան Դեմիրճյանը:

Անդրադառնալով ՀԱԿ կուսակցությունների միավորման առաջարկին` վերադառնալ դաշինք եւ վերսկսել աշխատանքները, նա նշեց. «Մեր մոտեցումը շատ հստակ է, ՀԱԿ կուսակցության համագումարում ըստ էության ես արտահայտվեցի եւ նշեցի, որ մենք պատրաստ ենք համագործակցել թե ՀԱԿ դաշինքի կազմի մեջ գտնվող կուսակցությունների, թե ՀԱԿ կուսակցության հետ»:

Նշենք, որ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների միավորման քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը վերսկսում է իր աշխատանքները` իրական ժողովրդավարության, կուսակցությունների իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա: «Հայ ազգային կոնգրեսի կողմից նախկինում ձեւավորված մարմինները լուծարվում են: Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհրդի նիստերը` ռոտացիոն սկզբունքով, վարելու են կուսակցությունների նախագահները: Հայ ազգային կոնգրեսը դիմում է իր կազմից դուրս եկած կուսակցություններին վերադառնալ Հայ ազգային կոնգրես, նախկինում հռչակված նպատակներին համատեղ ուժերով հասնելու համար:

Հայ ազգային կոնգրեսի կազմը հստակեցնելուց հետո Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդը քննարկելու է անվանման, Ազգային Ժողովում «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խմբակցության եւ ընտրական հանձնաժողովներում Հայ ազգային կոնգրեսի հանձնաժողովների անդամների հարցերը»,-ասված է հայտարարության մեջ:

ՀԱԿ դաշինքի տարածած հայտարարությանը միացել է 5 կուսակցությունը`  «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդը», «Ժողովրդավարական հայրենիքը», «Ժողովրդական ուղին», «Մարդու իրավունքներ 96-ը», Կանաչների կուսակցությունը: