29-ամյա Հայկ Արզաքանյանը «Միրաժ» գիշերային ակումբում հաբելուց հետո լուսադեմին կանգառում հանդիպել է մի անծանոթ աղջկա, առաջարկել միասին ժամանակ անցկացնել, իսկ մերժում ստանալուց հետո իր ձեռքի գարեջրի պարունակությունը լցրել է նրա վրա եւ ծեծել: Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ Երեւանի բնակիչ, գործով ամբաստանյալ 29-ամյա Հայկ Արզաքանյանը «Միրաժ» գիշերային ակումբում` օգտագործելով ալկոհոլային խմիչք, ժամը 06.00-ի սահմաններում դուրս են եկել նշված ակումբից եւ Արա Մանուկյանի «Մերսեդես» ավտոմեքենայով երթեւեկել Երեւան քաղաքի փողոցներով։

Ճանապարհին Հայկ Արզաքանյանը նկատել է Արշակունյաց եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում կանգնած իրեն անծանոթ, գործով տուժող Էվելինա Գ.-ին, ով սպասելիս է եղել թիվ 47 երթուղային տաքսուն։ Տուժողն աշխատել է ՊՆ N զորամասում, աշխատանքային գրաֆիկի համաձայն աշխատանքի է գնացել վաղ առավոտյան, մշտապես օգտվել է թիվ 47 երթուղային տաքսու ծառայություններից։ Հայկ Արզաքանյանը խնդրել է Արա Մանուկյանին արգելակել Էվելինա Գ.-ի մոտ, ձեռքին ունենալով գարեջրով լի շիշը, իջել է ավտոմեքենայից, մոտեցել է վերջինիս, հարցրել, թե ինչով կարող է օգտակար լինել, սակայն աղջիկը չի պատասխանել ու քայլելով հեռացել է։

Հայկ Արզաքանյանը վրդովվել է Էվելինայի վարքագծից, շարունակել է հետապնդել նրան, իրեն չպատասխանելու համար պարզաբանում պահանջել, այնուհետեւ աղջկա հասցեին արել նրա արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ։ Տուժողը որպես նախազգուշական դարձվածք օգտագործել է «հո գլուխդ քոր չի՞ գալիս» արտահայտությունը։ Ի պատասխան Հայկ Արզաքանյանն առաջարկել է գնալ եւ միասին ժամանակ անցկացնել, որպեսզի աղջիկն իր թիկունքի հատվածում մերսում կատարի։

Ստանալով նման վիրավորական առաջարկ` Էվելինան բռունցքով մեկ անգամ հարվածել է Հայկ Արզաքանյանի որովայնին, որից հետո Հայկն իր ձեռքին եղած գարեջրի շշի պարունակությունը լցրել է աղջկա դեմքին, սեռական բնույթի հայհոյանքներ տվել նրա հասցեին։ Երբ երթուղայինը եկել է, երիտասարդը ձեռքին գտնվող գարեջրի դատարկ շիշը շպրտել ու դրանով հարվածել է դեպի երթուղային ավտոմեքենան քայլող Էվելինայի մեջքին: Հետո նա երթուղայինում գտնվողների ներկայությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ տալով, հարձակվել է Էվելինա Գ.-ի վրա, հարվածել եւ նրան գցել է գետնին, հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, քարշ է տվել գետնի վրա։

Երթուղային տաքսու մեջ գտնվող տղամարդիկ վախենալով, ձեռնպահ են մնացել միջամտությունից, իսկ ուղեւորուհի Ծովինար Խ.-ն եւ տարիքով մեկ այլ ուղեւորուհի իջել են երթուղային տաքսուց եւ միջամտելով, Էվելինային բերել եւ նստեցրել են երթուղային տաքսու մեջ:

Իր հերթին «Մերսեդես» ավտոմեքենայից իջել է գործով վկա Վարդգես Այվազյանը եւ բռնելով ընկերոջ թեւից, տարել եւ նստեցրել է «Մերսեդես» ավտոմեքենայի մեջ։ Քննելով գործը ապրիլի 15-ին դատարանը վճռել է  ամբաստանյալ Հայկ Արզաքանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ` խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով: Նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտելով տուգանքի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: