Եվրահանձնաժողովի նախկին նախագահ Ռոմանո Պրոդին հանել է իր թեկնածությունը Իտալիայի նախագահի ընտրություններում, երբ խորհրդարանում քվեարկության չորրորդ փուլում չի հավաքել ձայների մեծամասնությունը:

«Քվեարկության դինամիկան եւ դրա արդյունքը բացառում են իմ հետագա մասնակցությունն ընտրություններին»,- ասել է Պրոդին: Նա ստացել է ընդամենը 395 ընտրողների աջակցությունը երկու պալատներից եւ  մարզերի 20 ներկայացուցիչներից: Հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել պարզ մեծամասնություն` 504 քվե: Ընտրությունները կայանալու են ապրիլի 20-ին, հաղորդում է «Վեստի.ru»-ն:

Իր հրաժարականի մասին հայտարարել է նաեւ Դեմոկրատական կուսակցության քարտուղար Պիեր Լուիջի Բերսանին, երբ նրա առաջարկած թեկնածուն անհաջողություն կրեց: Բերսանին կավարտի իր պարտականությունները նախագահի ընտրությունների ավարտից հետո:

Այժմ հավակնորդների ցանկում մնացել են հասարակական գործիչ Ստեֆանո Ռոդոտան, ում աջակցում են «5 աստղերի շարժումը, եւ ՆԳ նախարար Աննամարիա Կանչելյերին, ում առաջադրել է կենտրոնամետ «Քաղաքացիական ընտրությունը»:

Իտալիայի նախագահի ընտրությունները փակուղի մտան փետրվարի 24-25-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, երբ ակնհայտ առաջատար ի հայտ չեկավ: