Ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում  19-ամյա Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

Քրեական գործը հարուցվել է  ՔՕ-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):  Այդ հոդվածով սահմանվում է սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Նշենք, որ «Բանակն իրականում» նախաձեռնության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել  ԼՂՀ Մարտակերտի «Ինտերնատ» անունով հայտնի զորամասում: Ընտանիքին հաղորդել են, թե կատարվածը ինքնասպանություն է: Րաֆֆին զորակոչվել էր Երեւանի Քանաքեռ-Զեյթուն տարածքային զինկոմիսարիատից: Զինվորի ընտանիքը դիազննությանը մասնակցելու համար ներգրավվել է Հելսինկյան ասոցիացիայի՝ զինվորական գործերով փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանին:

Այժմ Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում ընթանում է դիազննություն: «Հելսինկյան ասոցիացիայից Արման Վեզիրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ դիազննության ժամանակ ՀՀ զինվորական դատախազության ՀԿ քննիչ Յուրա Բադալյանը հայհոյել է 2010թ սպանված Ղազարյանի մորը եւ ձեռք է բարձրացրել նրա վրա:

Նշենք, որ ապրիլի 19-ին ժամը 11.40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում մահացու հրազենային վիրավորում է ստացել եւ տեղում մահացել 1994թ. ծնված Րաֆֆի Լեւոնի Մարաշլյանը: ՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Լուսանկարը՝ Lragir.am-ի