Բոստոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ցարնաեւ եղբայրների մայրը համոզված է, որ որդիները դավադրության զոհ են դարձել: Նույնպիսի կարծիք է հայտնել նաեւ նրանց հայրը:
Միաժամանակ, ապրիլի 20-ին ծնողներն արդեն դադարեցրել են շփումները լարգրողների հետ, նրանց հեռախոսները չեն պատասխանում, այն հասցեում, որտեղ նրանք ապրում էին, հիմա մարդ չկա: Ներկայումս Մախաչկալայում ռոսւաստանցի եւ արտասահմանյան լրատվամիջոցների մեծաթիվ բանակ կա, սակայն եւ ոչ մեկին չի հաջողվում կապվել նրանց հետ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նախօրեին «RT»-ին տված հարցազրույցում եղբայրների մայրը` Զուբեյդատ Ցարնաեւան պատմել է, որ ավագ որդին կրոնով տարվել է հինգ տարի առաջ, սակայն երբեք չի ասել, որ ցանկանում է ջիհադի ուղին բռնել: «ՀԴԲ-ն հետեւում էր ավագ որդուս 3-5 տարի շարունակ: Նրանք գիտեին, թե նա ինչ կայքեր է այցելում, իսկ հիմա հայտարարում են, որ դա ահաբեկչություն է: ՀԴԲ-ում վախենում էին ավագ որդուցս, քանի որ նա լիդեր էր եւ կարող էր իր ետեւից շատերին տանել ու շատ էր խոսում իսլամի մասին: Մի անգամ նրանք պաշտոնապես զանգեցին ինձ եւ ասացին, որ նա խելացի է, եւ իրենք չեն կասկածում, որ նա կարգին մարդ է: Միաժամանակ նրանք ասացին, որ նա տեղեկատավություն է ստանում էքստրեմիստական կայքերից, եւ որ իրենք նրանից վախենում են: Այդ իսկ պատճառով էլ կարծում են, որ նրանք դավադրության զոհ են»:
Հաղորդվում է, որ Ցարնաեւներից ավագը` 26-ամյա Թամերլանը, հակաամերիկյան քաղաքական հայացքներ է ունեցել եւ դատապարտել է ԱՄՆ-ի ներխուժումը այլ երկրներ:




























