Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտում որպես առավել մեծ խնդիր է մնում կարծիքի արտահայտման իրավունքի սահմանափակումը, այդ թվում` լրագրողներին եւ ակտիվիստներին ճնշելը, վախեցնելն ու  ձերբակալելը: Այս մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության`  2012թ. Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին նվիրված զեկույցում:

Նշանակալի խնդիր է նաեւ հավաքների ազատության իրավունքի սահմանափակումը: Պարբերաբար մերժվում են հավաքների անցկացման թույլտվությունենրը, դաժանաբար ցրում են չարտոնված հավաքների մասնակիցներին:

Անցած տարի հաղորդումներ են ստացվել կամայական ձերբակալությունների, քաղաքական դրադապատճառ ունեցող դատավճիռների, պատշաճ իրավական ընթացակարգերի բացակայության, դատական համակարգի վրա ազդեցության մասին:

Պետքարտուղարության փորձագետները նշում են, որ առնվազն չորս մարդ է զոհվել ոստիկանությունում եւ զինվորական բանտերում  խոշտանգումների եւ դաժան վերաբերմունքի հետեւանքով: Կոռուպցիա է առկա պետական կառավարման համակարգի բոլոր մակարդակներում: Ադրբեջանում արձանագրվել են նաեւ կանանց նկատմամբ բռնության եւ մարդականց առեւտրի դեպքեր:

Կառավարությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել մարդու իրավունքները խախտած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: