Կոսովոյի խորհրդարանի պատգամավորները հրավիրված են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանին՝ դիտորդի կարգավիճակով: Այդ որոշումը կայացրել է Վեհաժողովի բյուրոն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողներին հայտնել է ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
«Այսպիսով, Կոսովոյի ներկայացուցիչները կմտնեն ԵԽԽՎ»,-ասել է նաու հավելել, որ Սերբիան չի առարկել այդ որոշմանը, իսկ ԵԽԽՎ բյուրոյի դիրքորոշումն այն է, որպեսզի Սերբիաին համապատասխան առարկություններ չունենա:
Միաժամանակ, ՌԴ պատվիրակության ղեկավարը նշել է, որ հիմա Ռուսաստանի համար առիթ է ստեղծվել հարց բարձրացրել, որ «եթե Կոսովոյի բնակչությունը իրավունք է ստանում իր խորհրդարանի միջոցով ներկայացվել ԵԽԽՎ-ում, ապա ինչու այդ իրավունքը չունեն այլ չճանաչված երկրներ, որոնք գտնվում են ժամանակակից Եվրոպայի տարածքում», հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Մենք կարծում ենք, որ անկախ կարգավիճակից, տարածքի ներկայացուցիչները պետք է մուտք ունենան ԵԽԽՎ, իրավունք ունենան իրենց խնդիրները բարձրացնել այնտեղ: Խոսքն, առաջին հերթին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի մասին է»,-պարզաբանել է ՌԴ պատվիրակության ներկայացուցիչը, այդ թվարկման մեջ չնշելով ԼՂՀ-ի անունը:
Նշենք, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը տեղի կունենա Ստրասբուրգում՝ ապրիլի 22-26-ին:




























