Ահաբեկչության հետ կապված գործերով դատարանն, այսօր՝ ապրիլի 20-ին, 14 օրով երկարաձգել է Պակիստանի նախկին նախագահ գեներալ Փերվեզ Մուշարաֆի կալանքի ժամկետը։

Մուշարաֆը մայրաքաղաք Իսլամաբադի դատարան էր եկել ապրիլի 20-ի առավոտյան՝ ոստիկանության ուժեղացված հսկողության ուղեկցությամբ։ Դատավոր Կաուսար Աբաս Զաիդին որոշու մէ ընդունել, որ գեներալը կալանքի տակ կլինի մինչեւ մայիսի 4-ը։ Ուժեղացված հսկողության ուղեկցությամբ նրան հետ են տարել ոստիկանության վարչության շենք, որտեղ նա արդեն անցկացրել էր մեկ գիշեր։ Այնտեղ նրան առանձին սպայական սենյակ է հատկացված, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ի առավոտյան Մուշարաֆը ներկայացել էր Իսլամաբադի Գերագույն դատարան՝ հերթական անգամ գրավի պայմանով ժամանակավորապես ազատության մեջ գտնվելու հնարավորություն ստանալու։ Սակայն դատարանը նրան կալանավորելու որոշում էր ընդունել։ Գեներալը բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ դատարանից փախել էր Իսլամաբադի մոտ գտնվող իր կալվածք։ Ապրիլի 19-ի առավոտյան նրան ձերբակալել ու դատարան էին բերել, որն էլ նրան կալանքի տակ էր առել։

Մուշարաֆի՝ 2007 թվականին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամանակ 60-ից ավելի դատավորների, այ թվում նաեւ Գերագույն դատարանի ղեկավարին անօրինական կերպով ձերբակալելու մասին գործը փաստաբանի հայցով հարուցվել էր 2009 թվականին։ Մուշարաֆին մեղադրանք էր առաջադրվել 2006թ թվականին Բելուջիստան նահանգի ազգայնականների առաջնրդ Աքբար Բուհթիի եւ 2007 թվականին նախկին վարչապետ Բենազիր Բհուտոյի սպանության համար։