Ադրբեջանի խորհրդարանի ապրիլի 19-ի նիստում բարձրացվել է մարմնավաճառության օրինականացման հնարավորության մասին հարցը: Նման նախաձեռնությամբ հանդես է եկել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովրուզովը: Նա նշել է, որ այդ ոլորտում օրենքների խստացումը կհանգեցնի կոռուպցիայի: «Օրենքները մեզ մոտ գնալով խստանում են, իսկ խնդիրներն էլ ավելի են խորանում: Նրանք, ովքեր զբաղվում են մարմնավաճառությամբ, միեւնույն է, զբաղվելու են դրանով»,-արձանագրել է պատգամավորը, հաղորդում է APA-ն:

Նովրուզովն առաջարկել է օգտվել եվրոպական երկրների փորձից, որոնք, ըստ նրա, «արդեն գտել են այդ խնդրի լուծումը»:

Ադրբեջանում մարմնավաճառության դրդելու համար 500-1000 մանաթի (640-1300 դոլար) տուգանք կամ հարկադիր հասարակական աշխատանք է նախատեսված: Կանայք, ովքեր ձերբակալվում են մարմնավաճառությամբ զբաղվելու համար, կամ ընդհանրապես պատասխանատվության չեն ենթարկվում, կամ սահմանափակվում են տուգանք վճարելով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրապետությունում նոր օրենք է պատրաստվում՝ ուղղված մարմնավաճառության դեմ պայքարին: Սպասվում է, որ փաստաթուղթը խորհրդարանի քննարկմանը կներկայացվի այս տարի: