Սաուդյան Արաբիան Էր Ռիադում «Ալ-Կաիդայի»՝ գերի ընկած ու ձերբակալված զինյալների համար վերականգնողական կենտրոն է ստեղծել՝ փորձելով կրոնական ծայրահեղականությունից նրանց շեղել հոգեբանական խորհրդատվությամբ, սպա-պրոցեդուրաներով ու մարզադահլիճով։ Համալիրը կառուցել է արքայազն Մոհամեդ բին Նայեֆը։

Էր Ռիադի կենտրոնն ունի ֆուտբոլի 10 դաշտին հավասար մակերես։ Այնտեղ միաժամանակ կարող է լինել 228 մարդ, ընդ որում համալիրի 12 շինությունից յուրաքանչյուրում կլինի 19-ական բանտարկյալ։ Լավ վարքի դեպքում նրանք կարող են ընտանիքի անդամների հետ երկօրյա հանգստյան օրվա հույս ունենալ։

Ավելի վաղ նման կենտրոն էր բացվել Ջիդում, սակայն մայրաքաղաքային համալիրը դրանից տարբերվում է կյանքի համար շքեղ պայմաններով։ Սաուդյան Արաբիայում գերի վերցված մոտ երեք հազար զինյալ ու ծայրահեղական նախքան ազատ արձակվելը պետք է անցնեն այդ կենտրոններով։ Ծրագրվում է, որ մոտ ապագայում նման եւս երեք կենտրոն կբացվի՝ երկրի հյուսիսում, արեւելքում եւ հարավում, գրում է «Լենտա.Ռուն»։