Բոսթոնի մարաթոնի ահաբեկչության մեջ կասկածվող Ջոհար Ցարնաեւը ահաբեկչությունից երկու օր անց այցելել է երեկոյի եւ շատ հանգիստ տեսք է ունեցել: Այս մասին գրում է Boston Globe-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Պարհերականի փոխանցմամբ՝ չորեքշաբթի նա այցելել է մարզադահլիճ եւ գիշերել Մասաչուսեթսի համալսարանի ուսանողական ավանում, որտեղ սովորում է, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ընկերները Ցարնաեւին նկարագրում են որպես նորմալ միջին վիճակագրական ամերիկացի երիտասարդ եւ աշխատասեր ուսանող: Լրատվամիջոցները նշում են, որ նրա վրա կարող էր ազդել ավագ եղբայրը՝ Թամերլանը, ով իրեն համարում են օրինավոր մահմեդական:
2011-ին Ցարնաեւը այն ուսանողների շարքում էր, ովքեր կրթաթոշակ էին ստանում քաղաքային իշխանություններից:
Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ 2011-ին Ջոհար Ցարնաեւը դիմել է պրոֆեսոր Բրայան Գլին Ուիլյամին՝ խնդրելով օգնել իրեն հետազոտության մեջ, որը թույլ կտա իրեն «կրկին բացահայտել իր չեչենական արմատները»:
Հիշեցնենք, որ Ցարնաեւ եղբայրները կասկածվում են Բոսթոնի մարաթոնի ահաբեկչությունը կազմակերպելու եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում կրակ բացելու մեջ: Նրանցից ավագ եղբայրը փոխհրաձգության ժամանակ սպանվել է, իսկ կրտսերը ձերբակալվել է:




























