Ընդդիմադիր ուժերն առանձին-առանձին կստանան իրենց ձայները եւ ավելի շատ ներկայացուցիչներ կունենան Երեւանի ավագանիում, քան իշխող ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Եթե Երեւանի ավագանու ընտրություններն իրականում քաղաքական չեն, ինչպես հայտարարում են ՀՀԿ-ականները, ապա ինչպես կարելի է բացատրել Ռուսաստանի հայերի միության կամ երկրի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների հայտարարությունները՝ ՀՀԿ-ին աջակցելու մասին»,-հարց է ուղղել Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հայտարարությունների եւ գործողությունների միջեւ հակասություն կա:

Ինչ վերաբերում է ընդդիմության միավորմանը՝ դաշնակցական գործիչը նշել է, որ անհրաժեշտ է, առաջին հերթին, գիտակցել հիմնական խնդիրը: «Երեկ, օրինակ, «Ժառանգության» ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը Աջափնյակի շրջանում հայտարարեց, որ ընդդիմադիր է այն ուժը, որը երբեք չի ընդգրկվել եւ չի ընդգրկվի իշխող կոալիցիայում: Դա քաղաքական անհեթեթություն է: Ընդդիմության միավորումը բարդացնում են նաեւ այն հայտարարությունները, թե ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն սիամական երկվորյակներ են, ինչպես նաեւ ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» միջեւ առկա լարվածությունը, կամ էլ ՀԱԿ-ի հայտարարութուննները, թե իրենք ամենաուժեղն ու հզորն են»,-ասել է Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է, վերջապես, դադարեցնել կուռքապաշտությունը:

Նրա համոզմամբ՝ ստեղծված վիճակում, երբ տարբեր կուսակցություններ դժվաանում են միավորվել, ամենաանկախ եւ ինքնուրույն ուժը մնում է ՀՅԴ-ն: «Ընդդիմության առջեւ մեկ խնդիր է դրված՝ անել ամեն ինչ, որպեսզի Երեւանում իշխանությունը փոխվի: Դրանից կշահի միայն ժողովուրդը: Իշխանությունը ուշադիր կհետեւի Երեւանում ընդդիմության աշխատանքին, իսկ ընդդիմությունը հակակշիռ կստեղծի»,-ընդգծել է Աղվան Վարդանյանը՝ նշելով, որ այդ դեպքում քաղաքական գործընթացները վերահսկելու մեխանիզմներ կստեղծվեն: