Օսմանյան Թուրքիայում 1915-1922թթ իրականացված ջարդերից փրկված ականատես 55 մարդ կա Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի եւ բնապահպանության վիճակագրության բաժնի պետ Նելլի Բաղդասարյանը:

Նրա խոսքով` Հայաստանում  չկա առանձին վիճակագրություն, թե ցեղասպանությունը վերապրած քանի կենդանի վկա կա Հայաստանում, նրանց մասին տվյալներ կան Սոցիալական ապահովության պետական ծառայությունում, որտեղ կենսաթոշակառուների ընդհանուր թվաքանակում նշվում է, թե նրանցից քանիսն են Ցեղասպանությունը վերապրած:

Այսպիսով, Հայաստանում 2012թ տարեվերջի տվյալներով` Հայոց ցեապանությունը վերապրած 55 կենսաթոշակառու կա, որոնցից`  43-ը` կանայք, 12-ը` տղամարդիկ: 2011թ տարեվերջին ցեղասպանությունը վերապրած ողջ  97 մարդ կար, որոնցից 75-ը՝ կին, իսկ 22-ը՝ տղամարդ։ Իսկ 2010թ տարեվերջին նրանց թիվը կազմում էր 141, որոնցից 109-ը` կանայք, իսկ 32-ը` տղամարդիկ։

Ցեղասպանությունը վերապրած անձանց տրվում է կենսաթոշակ` 45 հազար 749 դրամ, նրանցից 53-ը ստանում է ապահովագրական կենսաթոշակ`  45 հազար 876 դրամ,  իսկ երկուսը`  սոցիալական կենսաթոշակ` 19,500 դրամ:

Նշենք, որ 2011թ մայիսի 5-ի Կառավարության որոշմամբ` Ցեղասպանություն վերապրածներին տրվում է կենսաթոշակ մինչ այդ նշանակված կենսաթոշակի 150 տոկոսի չափով, ինչպես նաեւ ամենամսյա 25 հազար դրամական օգնություն: