Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը հերքում է իրեն` բնապահպանության նախարար նշանակելու մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ այդ թեմայով քննարկումներ, խոսակցություններ, առաջարկներ չեն եղել: Հովհաննես Սահակյանը նշեց, որ իրեն հարազատ է թե’ օրենսդիր մարմնում աշխատանքը, թե’ գործադիր մարմնի աշխատանքը: «Աշխատող մարդու համար աշխատանք լինի, այստեղ էլ վատ չեմ զգում ինձ, գործադիրում էլ վատ չէի զգում: Եթե նման առաջարկ լինի, դրա մասին կարելի է եւ մտածել, եւ տալ մեկնաբանություն, եւ պարզաբանում»,- նշեց նա:
Հովհաննես Սահակյանը շեշտեց, որ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն իր ընկերն է, ՀՀԿ խորհրդի նիստում նրա պաշտոնավարման վերաբերյալ որեւէ քննարկում չի եղել, դրանք ընդամենը լրատվամիջոցների տարածած տեղեկություններն են: «Գոնե խորհրդում նման հարց չենք քննարկել, քննարկվել է վարչապետի նշանակման հարցը, նա 20-օրյա ժամկետում կձեւավորի իր ապարատը»,- ասաց պատգամավորը:
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀԿ-ում արդեն քննարկում են որոշ թեկնածուների անունները: Այս համատեքստում շրջանառվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանի անունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























