Ռուսաստանի Մագադանի տարածաշրջանի Հյուսիս-Էվենական շրջանի ղեկավար Միխայիլ Հախնազարովը («Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ) ազատազրկվել է, քանի որ 1,5 միլիոն ռուբլուց ավելի գումար է ծախսել ձյան մեջ խրված մեքենաների համար ճանապարհ բացելու համար, որոնց մի մասն ապրանք է տեղափոխել իր կնոջ խանութ։

Հետաքննության վարկածով, Միխայիլ Հախնազարովը 2009 թվականի փետրվարին 1,525 միլիոն ռուբլի է հատկացրել Էվենսկ-Կուբակայի ձմեռային ճանապարհը սարքելու համար, թեեւ դրանք նախատեսված են եղել Էվենսկ-Գիժիգայի համար։ Պաշտոնյայի հրահանգով ձմեռային ճանապարհը սարքել են Մագադանից Օմսուկչանա ճանապարհին ձյան մեջ խրված 26 ավտոմեքենայի համար, հաղորդում է NEWSru.com-ը։

26 մեքենայից երկուսը մթերք էր տեղափոխում Հախնազարովի կնոջ խանութ։ Միեւնույն ժամանակ Գիժիգայի բնակիչները ձյան պատճառով երեք ամիս շարունակ չեն կարողացել գյուղից դուրս գալ։ Դատարանը որոշել է, որ վարչակազմի ղեկավարը ճանապարհային աշխատողներին «օգտագործել» է անձնական նպատակներով։ 

Հախնազարովին երեք տարվա ազատազրկման են դատապարտել՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։