Մայր աթոռ սուրբ Էջմիածնում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ապրիլի 24-ին, ընդունել է Սլովակիայի Հանրապետության Տրնավայի երկրամասի նահանգապետ Տիբոր Միկուշին` ուղեկցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:

Մայր աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ զրույցի ընթացքում նա գոհունակություն է հայտնել Տրնավայի երկրամասի եւ Արմավիրի մարզի միջեւ ձեւավորվող համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն մեծապես կնպաստի երկու ժողովուրդների կապերի սերտացմանը:

Գարեգին Բ-ն իր գնահատանքն է հայտնել տիար Միկուշին` Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների հոգեւոր կյանքին եւ միջեկեղեցական հարաբերություններին:

Նույն օրը Գարեգին Բ-ն ընդունել եւ իր օրհնությունն է բերել ֆրանսահայ մի խումբ երիտասարդների:

Նա ողջունել է պատանի ուխտավորների այցը Հայրենիք եւ համայն հայ ժողովրդի նվիրական հոգեւոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ընդգծելով նման այցելությունների կարեւորությունը` Գարեգին Բ-ն նշել է, որ հայրենի հարուստ մշակույթի եւ սրբազան արժեքների անմիջական ճանաչողությունը ավելի է խանդավառում ու ոգեշնչում Սփյուռքի երիտասարդ հայորդիներին` զորացնելով նրանց սերն ու նվիրումը Հայրենիքի ու Եկեղեցու հանդեպ: Իր խոսքում Նորին Սրբությունը մասնավորապես հորդորել է ֆրանսահայ պատանիներին հետեւել իրենց ուսումնառությանը, ակտիվ մասնակցություն բերել ազգային-եկեղեցական կյանքին:

Հանդիպմանը երիտասարդներն ասմունքել են, հանդես եկել հոգեւոր եւ ազգային երգերի կատարումներով: