Ջոհար Ցարնաեւին փաստաբանների մի ամբողջ խումբ է պաշտպանելու: ԱՄՆ իշխանությունները պետք է նրան պետական պաշտպան տրամադրեին եւ, ի ուրախություն ահաբեկչի՝ ընտրությունը կանգնել է իրենց ոլորտի մեջ գերազանց մասնագետների վրա:
Ջոհար Ցարնաեւի գլխավոր պաշտպան է նշանակվել Պետական պաշտպանության դաշնային գրասենյակի բոսթոնյան բաժնի ղեկավար Միրիամ Քոնրադը: Քոնրադը փորձառու իրավաբան է, հայտնի է դարձել «ահաբեկիչ-կոշկակար» Ռիչարդ Ռիդի հետ աշխատանքից հետո: Այս բրիտանացին 2001 թվականին Մանհեթենի ահաբեկչությունից հետո փորձել էր պայթեցնել Փարիզ-Մայամի չվերթով American Airlines-ի օդանավը: Ահաբեկչություն իրականացնելու փորձի համար Ռիդը դատապարտվել է երեք անգամ ցմահ ազատազրկման եւ համեստ տուգանքի:
Ցարնաեւի գործով Միրիամ Քոնրադը մենակ չի աշխատելու: Նրան կօգնի նույնպես հայտնի փաստաբան Ուիլյամ Ֆիքը:
Միրիամ Քոնրադի եւ նրա խմբի առջեւ լուրջ խնդիր է դրված. Պաշտպանել մի մարդու շահերը, ում ներկա պահին ատում են ԱՄՆ բոլոր քաղաքացիները եւ գտնում են, որ նա մահվան է արժանի, գրում է NEWSru.com-ը:
Ունեցած տվյալներով` փաստաբաններն արդեն սկսել են ծանոթանալ գործի նյութերին: Նրանք մտադիր են նաեւ ուսումնասիրել Ցարնաեւի անցյալը. Հարաբերություններն ընտանիքի ներսում, մասնավորապես եղբոր` Թամերլանի հետ, պարզելու համար արդյոք վերջինս ճնշում է գործադրել Ջոհարի վրա: Իրավաբանները նաեւ ծանոթանալու են հոգեբանական փորձաքննությունների հետ` ճշտելու, արդյոք իրենց պաշտպանյալն ահաբեկչության ժամանակ առողջ հոգեկան վիճակում է գտնվել:




























