Այսօր՝ ապրիլի 25-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդունել է Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ:

Ողջունելով սաների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Գարեգին Բ-ն իր գնահատանքն է բերել Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին աշակերտներին հնարավորություն ընձեռելու համար այցելելու Հայրենիք, հաղորդակցվելու սրբություններին եւ ազգային արժեքներին: Նա նշել է, որ նման այցերը կարեւոր խթան են հանդիսանում ավելի զորացնելու Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, իսկ հայրենի հողը տեսնելու խանդավառությունը նպաստում է լավագույնս զգալու եւ գիտակցելու հայրենի երկրի սրբությունը:

Գարեգին Բ-ն հորդորել է երիտասարդ հայորդիներին այդ ոգով եւ գիտակցությամբ ապրել ողջ կյանքի ընթացքում, բարի եւ արժանավոր զավակներ մեծանալ եւ ուժ դառնալ Հայրենիքի համար: