Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ: Նման տեսակետ է հայտնել Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն, այսօր՝ ապրիլի 25-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին, խմբի անդամներ Էվալդ Շտադլերին, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսին, Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Վալերի Բուայեին, Գի Տեսսիեին եւ Լյովենի համալսարանի պատվավոր ռեկտոր, հայտնի հայագետ Բերնար Կուլիին:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի հյուրերին այս օրերին հայ ժողովրդի կողքին լինելու եւ 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդում հարգելու համար: «Դրանով դուք կրկին վերահաստատում եք ձեր հավատարմությունը համամարդկային բարձր արժեքներին եւ զորակցությունը Հայաստանի ջանքերին ՝ ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչմանն ու դատապարտմանը»,-ասել է Հովիկ Աբրահամյանը:
Բարեկամության խմբի անդամ Էվալդ Շտադլերը նկատել է, որ Եվրոպան բարոյական պարտավորություն ունի հայ ժողովրդի նկատմամբ՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղում: Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը եւս նշել է, որ Եվրոպան պետք է համերաշխություն հայտնի Հայաստանին ցեղասպանության ճանաչման պայքարում, նաեւ՝ աջակցի ԼՂ հակամարտության կարգավորման, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջափակման վերացման հարցում: Հույն պատգամավորը նշել է, որ իրենք Կիպրոսի օրինակով գիտեն՝ ինչքան դժվար է Թուրքիային համոզել ճանաչել սեփական անցյալը:
Վալերի Բուայեի կարծիքով՝ պետք է լսելի դարձնել մարդու իրավունքների խախտման փաստերը ինչպես անցյալում՝ ցեղասպանության ժամանակ, այնպես էլ հիմա՝ Լեռնային Ղարաբաղում, նաեւ՝ հասանելի դարձնել Հայաստանի եւ Արցախի հարուստ մշակութային, պատմական հարստությունները:
Հանդիպման օրակարգում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների զարգացումն էր՝ համագործակցության նոր ձեւաչափն ու հեռանկարները: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հունվարի 9-ից Եվրախորհրդարանում գործող ԵՄ-Հայաստան բարեկամության խումբը նոր որակ կհաղորդի համագործակցությանը՝ դարձնելով այն առավել արդյունավետ: Խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ օրենսդիր եւ գործադիր կառույցների միջեւ փոխգործակցության լավ նախադրյալների մասին են վկայում վերջին երեք տարիներին հարաբերությունների զարգացման դինամիկան:
ԱԺ նախագահը պատրաստամակություն է հայտնել աջակցել խմբի բոլոր նախաձեռնություններին ու համագործակցության բոլոր ձեւաչափերին: Բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսը նշել է Եվրախորհրդարանի եւ Հայաստանի խորհրդարանի միջեւ հարաբերություններն էլ ավելի խորացնելու անհրաժետությունը՝ ինչը ԵՄ-ին Հայաստանին ու հայ ժողովրդին աջակցելու ավելի մեծ հնարավորություն կընձեռի: Եվրախորհրդարանում ստեղծված բարեկամության խումբը, պատգամավորի համոզմամբ, կակտիվացնի ու կհամախմբի ջանքերն այս ուղղությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցությունների ընթացքը, մասնավորապես եզրափակիչ փուլը, ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման հարցը: Հովիկ Աբրահամյանը փոխանցել է խորհրդարանի պատրաստակամությունը Ասոցացման համաձայնագիրը վավերացնելու, ինչպես նաեւ դրանից բխող քայլերը կատարելու՝ Հայաստանի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում:
ԱԺ նախագահը Եվրախորհրդարանի պատգամավորներին ներկայացրել է իշխանությունների դիրքորոշումները ղարաբաղյան խնդրի կարգավորման եւ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ: ԱԺ նախագահը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում խնդիրը կարգավորելու եւ ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման երեք սկզբունքներով առաջնորդվելու Հայաստանի պատրաստակամությունը:




























