Ջոհար եւ Թամերլան Ցարնաեւների ծնողներն իրենց երեխաների մեղքը չապացուցված են համարում եւ հայտարարում են, որ 26-ամյա Թամերլանին եւ 19-ամյա Ջոհարին «քաշել են»: Ցարնաեւների հայրը պատրաստվում է առաջիկայում մեկնել ԱՄՆ: Անզոր Ցարնաեւն այդ մասին հայտարարել է Մախաչկալայում կայացած մամուլի ասուլիսում: Մայրը` Զուբեյդաթ Ցարնաեւան դեռ չի որոշել` մեկնել ԱՄՆ, թե՝ ոչ:

«Եթե գնամ, ավելի ուշ: Միգուցե ընդհանրապես հանձնեմ այդ երկրի անձնագիրը»,- ասել է Ցարնաեւան: Անզոր եւ Զուբեյդաթ Ցարնաեւները ԱՄՆ քաղաքացիներ են, ուստի ԱՄՆ մեկնելու համար նրանց վիզա հարկավոր չէ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Ես միայն գիտեմ, որ Բոսթոնում ահաբեկչություն է եղել, իմ որդիներից մեկին սպանել են, մյուսին` ձերբակալել: բայց այն, ինչ մեղսագրում են նրանց, չի կապվում տղաների, նրանց բնավորության, նրանց ապրած կյանքի հետ»,- ասել է Ցարնաեւան եւ հավելել, որ Թամերլան Ցարնաեւը` ավագ եղբայրը կենդանի է եղել, երբ նրան ոստիկանությունը ձերբակալել է: Նա նշել է, թե տեսագրություններ ունեն, որ ավագ որդին ձերբակալությունից հետո դեռ կենդանի է:

Թամերլան եւ Ջոհար Ցարնաեւները կասկածվում են Բոսթոնում ահաբեկչություններ իրականացնելու մեջ: Թամերլանը սպանվել էր ոստիկանության հետ փոխհրաձգության ընթացքում, իսկ կրտսեր եղբայրը գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում: Բոսթոնի ահաբեկչության հետեւանքով սպանվել էր 3, վիրավորվել 200 մարդ: