Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն առաջին անգամ ներողություն է խնդրել Սրեբրենիցայում 8 հազար մահմեդականների սպանության համար: Սակայն նա հրաժարվել է սպանդը ցեղասպանություն անվանել:

«ԾՆկաչոք աղաչում եմ ձեզ ողջ Սերբիայի անունից ներեք Սրեբրենիցայում կատարված հանցագործությունների համար»,- ասել է Նիկոլիչը: Այդ իրադարձությունները համարվում են ամենասարսափելի ոճրագործությունները Եվրոպայում Երկրորդ աշխարհամարտից հետո:

Անցած տարվա մայիսին Նիկոլիչը հարուցել էր բոսնիացիների դժգոհությունը, հրաժարվելով Սրեբրենիցայի իրադարձությունները ցեղասպանություն որակել, թեեւ այդպիսին ճանաչել էին ՄԱԿ-ի Զինվորական հանցագործությունների գծով տրիբունալը եւ Միջազգային դատարանը:

Սերբիայի նախորդ նախագահ Բորիս Տադիչը սպանդը ցեղասպանություն անվանել էր, նաեւ նրա օրոք Սերբիան միջազգային դատարանին էր հանձնել Ռադովան Կարաջիչին եւ Ռատկո Մլադիչին: