Ապրիլի 17-ից 19-ը Լիոնում կայացել է  Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 9-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցել են Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին եւ գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը եւ բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը:

Հայաստանում Ինտերպոլի ԱԿԲ-ից հայտնում են, թե Ինտերպոլի նախագահը, ողջունելով ներկաներին, մասնավորապես ընդգծել է ոստիկանական միջազգային կազմակերպության նախաձեռնած գործընթացների շարունակական զարգացման կարեւորությունը` հանցավորության արդի մարտահրավերներին դիմակայելու համար: Իսկ Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը մատնանշել է ԱԿԲ-ների` հանցավորության դեմ պայքարի հիմնարար դերի կարեւորությունը ոստիկանական միջազգային համագործակցության ոլորտում:

Վեհաժողովում քննարկվեցին քրեական ոստիկանական միջազգային համագործակցության անդամ երկրների ԱԿԲ-ների զարգացման, կազմակերպության գործունեության հետ կապված մի շարք կարեւորագույն հարցեր, մասնավորապես` միջազգային մակարդակում իրավապահ մարմինների համագործակցության խնդիրների բարելավումը, ահաբեկչության եւ դրան առնչվող հանցագործությունների, կազմակերպված հանցավորության, մարդկանց թրաֆիքինգի, թմրանյութերի, զենք-զինամթերքի եւ տրանսպորտային միջոցների ապօրինի շրջանառության, հափշտակված մշակութային արժեքների եւ ճամփորդական փաստաթղթերի, տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հանցավորության դեմ պայքարը: Ներկայացվեց նաեւ Ինտերպոլի ճամփորդական փաստաթղթերի ներդրման գործընթացը: