Ղրղըզստանի խորհրդարանի պատգամավորները երկրորդ ընթերցմամբ ընդունել են մանկապիղծների նկատմամբ քիմիական ամլացում կիրառելու մասին օրինագիծը: Այս մասին հաղորդում է K-NEWS-ը: Համապատասխան փաստաթղթի օգտին քվեարկել են 85 պատգամավորներ, երկուսը դեմ են եղել:

Քիմիական ամլացման ընթացակարգը (սեռական ակտիվությունը նվազեցնող նյութերի ներարկում, որը բացառում է սեռական ակտի հնարավորությունը) կնշանակվի բժշկական հետազոտության արդյունքում: Նախատեսվում է, որ այդ նյութերը դատապարտյալին կսկսեն ներարկել նրան ազատ արձակելուց 6 ամիս առաջ:

Հանցագործները, ովքեր ազատ արձակվելուց հետո կանտեսեն հորմոնաթերապիան, կազատազրկվեն 2 տարի ժամկետով, գրում է Lenta.ru-ն:

Այս փոփոխությունների նախաձեռնող Դասթան Բաքեշեւը նշել է, որ ըստ վիճակագրության քիմիական ամլացումից հետո մանկապիղծների 80 տոկոսը նման հանցագործություններ չի կատարում:

Նշենք, որ 2011 թվականին Ղրղըզստանում արձանագրվել է մանկապիղծների կողմից կատարված 83 հանցագործություն: 2012-ի առաջին 6 ամիսների ընթացքում գրանցվել է նմանատիպ 73 դեպք, որոնց մեծ մասում զոհերը մինչեւ 10 տարեկան երեխաներ են: