Չինական Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի վայրում փլատակների տակից դուրս են բերել ողջ մնացած մի տղամարդու։ Այս մասին հաղորդում է «Սինխուա» գործակալությունը։ Փլատակների տակ հինգ օր մնացած մարդու անունը չի նշվում։ Հայտնի է միայն, որ նա 78 տարեկան է եւ նրան գտել են Մպուին գյուղում՝ բլրի գագաթին։
Փրկվածին հիվանդանոց են հասցրել ուղղաթիռով։ Բժիշկներն ախտորոշել են ողերի կոտրվածք, սակայն ընդհանուր առմամբ նրա վիճակը կայուն է գնահատվում։ Նա ողջ մնացած առաջին մարդն է, ում հաջողվել է փլատակների տակ գտնել Սիչուանի երկրաշարժից 72 ժամ անց, այսինքն այն ընթացքում, որը տուժածներին հայտնաբերելու համար մասնագետները հեռանկարային են համարում, հաղորդում է Lenta.ru-ն։
7 բալանոց երկրաշարժը տեղի է ունեցել Սիչուան նահանգում շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, տեղի ժամանակով առավոտյան։ Երկրաշարժի էպիկենտրոնը Լուշանում է։ Վերջին տվյալների համաձայն զոհվել է 196 մարդ, անհայտ կորել է մոտ քսանը։ Տուժածների թիվը գերազանցում է հինգ հազարը, հազարավոր մարդիկ մնացել են առանց տանիքի։




























