Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի պատգամավորներին՝ խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ: Կառավարության ղեկավարը ողջունել է պատգամավորների այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն կնպաստի երկկողմ կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը:

Այնուհետեւ զրուցակիցները քննարկել են Հայաստանի տնտեսական իրավիճակին, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցեր: 

Պատասխանելով եվրոպացի պատգամավորների հարցին՝ վարչապետ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը  հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի լուծմանը եւ պատրաստ է հետեւողական ջանքեր գործադրել հակամարտության  խաղաղ կարգավորմանը հասնելու համար:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ սիրիահայության խնդիրներին եւ մեր երկրի կողմից վերջիններիս նկատմամբ ցուցաբերվող օժանադակությանն ու ծրագրերին: Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կարեւորել են Հայաստան ներգաղթած սիրիահայությանը միջազգային կառույցների ու իրենց երկրների կառավարությունների կողմից օժանադակության ցուցաբերումը եւ պատրասատակամություն հայտնել՝ նպաստել այդ գործընթացին: