Հարավային Օսիայում չեն հավատում եվրոպական բարձր ամբիոններից վրացի առաջնորդների «կեղծ հայտարարություններին» օս ժողովրդի հետ խաղաղասիրության եւ եղբայրության մասին: Այդ մասին ասվում է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ` ԵԽԽՎ-ում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի վերջին ելույթի կապակցությամբ:
«Հարավային Օսիայում ոչ ոք չի կասկածում, որ Վրաստանում գոյություն ունի նացիզմի գաղափարների եւ գաղափարախոսության ժառանգականություն: Որպես ապացույց շատ օրինակներ կարելի է բերել: Մասնավորապես, Իվանիշվիլին իր ելույթում մի քանի անգամ շեշտադրում է արել «Օկուպացված տարածքների մասին» ցինիկ օրենքին, որը եւս մեկ անգամ արտացոլում է Վրաստանի վերաբերմունքը Հարավային Օսիայի նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ն նաեւ ցավոտ է ընդունել Իվանիշվիլիի հայտարարությունը, թե վրացական ղեկավարությունը սխալներ է թույլ տվել եղբայրական աբխազ եւ օս ժողովուրդների նկատմամբ: «Օս եւ վրացի ժողովուրդները երբեք եղայրներ չեն եղել, ճակատագրի կամքով հարեւաններ են եղել»,- ասվում է հայտարարության մեջ:




























