Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ ապրիլի 26-ին, ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում դեսպանատան աշխատակիցներին ներկայացվել է ամռանը նախատեսվող տակտիկական թեմատիկ ուսումնավարժության ծրագիրը, որին ներգրավված կլինեն նաեւ Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցները:
Ուսումնավարժության նպատակն է կատարելագործել դեսպանատան աշխատակիցների հմտություններն ու փոխգործակցությունը Ֆրանսիայի դեսպանատան եւ Հայաստանի ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի միջեւ` ուժեղ երկրաշարժի դեպքում։
ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ողջունելով ֆրանսիացի հյուրերին, ընդգծել է, որ ԱԻՆ-ը կարեւորում է ՀՀ-ում գործող օտարերկրյա դեսպանությունների հետ համագործակցությունը եւ անվտանգության ապահովումը։
Ըստ նախնական սցենարի` Կոտայքի մարզում տեղի կունենա ուժեղ երկրաշարժ, որն ավերածություններ կառաջացնի նաեւ Երեւանում: Ֆրանսիայի դեսպանը որոշում կկայացնի Հայաստանում գտնվող ֆրանսահպատակ քաղաքացիներին ինքնաթիռով տարհանել երկրից:
Հայտնելով իր գոհունակությունը` պատվիրակության անդամ Իզաբել Գիները նշել է. «Սա հիանալի նախաձեռնություն է։ Մենք շատ տպավորված ենք: Այդ ուսումնավարժությունը իսկապես կօգնի մեզ ավելի պատրաստ լինել երկրաշարժին»:
Ազդարարման եւ տարհանման ուղիների մանրամասները քննարկելուց հետո կողմերը պայմանավորվել են նույն կազմով կրկին հանդիպել մայիսին` առաջարկություների եւ ուսումնավարժության բոլոր կետերի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար:
Հանդիպման վերջում դեսպանատան աշխատակիցներն այցելել են ԱԻՆ ՃԿԿ` ծանոթանալու կենտրոնի աշխատանքին եւ կառուցվածքին:




























