31-ամյա Կարեն Գեւորգյանը գիշերային ակումբում ոտքերով եւ ձեռքերով ծեծել է Արարատ քաղաքի բնակիչ Միսակ Սողոմոնյանին եւ հայտնվել դատարանում: Վեդի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 31-ամյա  Կարեն Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արարատի մարզի Այգավան գյուղում գտնվող «Ժորա Մելքոնյան» ՍՊԸ-ի գիշերային ակումբում, Այգավան գյուղի բնակիչներ եղբայրներ Ռազմի եւ Ռոման Գասպարյանների, Վանաշեն գյուղի բնակիչ Նարեկ Քոչարյանի հետ խմբի կազմում, անձանց նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված, կատարել է խուլիգանություն: Նա կռվի մեջ է մտել Արարատ քաղաքի բնակիչ Միսակ Սողոմոնյանի հետ, ընթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ:

Կարենը գիշերային ակումբում գտնվող հաճախորդների եւ ակումբի աշխատողների ներկայությամբ, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել Ս. Սաֆարյանին, պատճառել առողջության թեթեւ վնաս, այդ ընթացքում շուրջ 15 րոպե տեւողությամբ տվել հայհոյանքներ:

Քրեական գործ է հարուցվել 258  հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով`խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Գործը դատարան է ստացվել ապրիլի 25-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: