H7N9 թռչնագրիպը հասել է Չինաստանի եւս երկու նահանգներ։ Հիվանդությունն արձանագրվել է Ցզյանսի եւ Ֆուցզյան շրջաններում։ Մահացու վարակի ախխտանիշներ են հայտնաբերվել նահանգների երկու տարեց բնակիչների մոտ, գրում է Pravda.ru-ն։

Vesti.ru-ն հայտնում է, որ չինացի գիտնական, ակադեմիկոս Լի Լանցզյուանը հայտնել է, որ թռչնագրիպի H7N9  փոխակերպված տեսակը մարդուն կարող է փոխանցվել այլ կաթնասուններից։ Նրա խոսքով՝ դա կարող է կատարվել H7 գենի ամինաթթուների փոփոխությունների դեպքում։ Չինացի գիտնականները նաեւ եզրակացրել են, որ H7N9-ը նմանություններ ունի ատիպիկ թոքաբորբի հետ։

Չինաստանում H7N9 թռչնագրիպի առաջին դեպքերի մասին հայտարարվել էր մարտի վերջին։ Մարդուց մարդուն վարակի փոխանցման դեպքեր չեն արձանագրվել։ Այնուամենայնիվ, վարակվածները խիստ կարանտինի են ենթարկվում։ Այսօրվա դրությամբ H7N9-ով վարակվածության 114 դեպք է հայտնի, որոնցից 23-ը՝ մահացու ելքով։

Ավելի վաղ ԱՀԿ-ն խոստովանել է, որ H7N9 վարակը մնացած տեսակներից առավել մահացու է։