Քաղաքացի Սիլվա Վարդանյանը զանգահարել էր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ եւ տեղեկացրել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Փարոսի անտառում ծառահատումներ են իրականացվում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՄԻՊ գրասենյակից:

Նրանց փոխանցմամբ` Սիլվա Վարդանյանը Պաշտպանին խնդրել էր միջոցներ ձեռնարկել ծառահատման օրինականությունը ստուգելու նպատակով:

«Մեծապես կարեւորելով շրջակա միջավայրի պահպանությանն առնչվող ցանկացած հիմնախնդիր եւ դատապարտելով հանրային կանաչ տարածքների ոչնչացումը` խնդրի օրինական հիմքերի առկայությունը պարզելու նպատակով Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել Երեւանի քաղաքապետարան եւ Բնապահպանության նախարարություն: Խնդիրը գտնվում է Պաշտպանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում»,- հայտնեցին գրասենյակից: