Ինչպես որ քաղաքական հարթությունում ընկալվում է ՀՀԿ  բառը, այնպես էլ սոցիոլոգիական հարցումների համատեքստում ընկալվում է Gallup բառը, լրիվ իրար համարժեք երեւույթներ են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀԱԿ մամուլի խոսնակ, համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արման Մուսինյանը` անդրադառնալով GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքներին:

Այդ հետազոտության վերաբերյալ նա այլ հարցերի չպատասխանեց` պատճառաբանելով, որ եթե անդրադառնան դրան, հիմք կընդունվի, թե GALLUP-ը նորմալին գոնե մոտ հարցում է արել:

ՀԱԿ ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը եւս նպատակահարմար չգտավ մեկնաբանել GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքները` պատճառաբանելով, որ վստահություն չեն ներշնչում:

«Կարծում եմ` այդ կազմակերպությունը արդեն մի քանի անգամ ցույց է տվել, որ որեւէ կապ չունի սոցհարցումների հետ, որեւէ վստահություն չեն ներշնչում իրենց հարցումները, եւ թե նախագահական,թե խորհրդարանական ընտրություններից հետո ամբողջությամբ ձախողվել է այն, ինչ հրապարակել են, արդեն գիտենք, որ իրական տվյալները ուրիշ են: Իսկ իրենք որեւէ մեկնաբանություն չեն տվել, պարզ է դառնում, որ իրենք պատվերով են անում»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Ամփոփելով քարոզարշավի առաջին 3 շաբաթները` Վլադիմիր Կարապետյանը,  ընդհանուր առմամբ, հաջողված է համարում ՀԱԿ-ի քարոզարշավը, մտնում են բոլոր դռները, խոսում են բնակիչների հետ, հասցնում ուղերձները, բակային հանդիպումները եւս հաջողված են անցնում, այդպիսի շարունակություն էլ ակնկալում են: Վլադիմիր Կարապետյանը դժգոհ է հեռուստատեսության լուսաբանումից, նա երեկ նկատել է, որ որեւէ հեռուստատեսության լուրերով ՀԱԿ-ի քարոզարշավի վերաբերյալ որեւէ բան ցույց չեն տվել:

Նշենք, որ GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության  հետազոտության արդյունքների համաձայն` եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների  41,5  տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության,  իսկ 14,5 տոկոսը՝   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը,  «Օրինաց երկիր» կուսակցությանը՝  3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9  տոկոսը,  «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։  Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։ Հինգ բալանոց սանդղակով ՀՀԿ-ի քարոզարշավը գնահատվել է 3, 9 տոկոս,  ԲՀԿ-ինը՝  3, 7 տոկոս, «Բարեւ Երեւան» դաշինքինը՝  3,2 տոկոս, ՀՅԴ-ինը՝  2,9 տոկոս, ՀԱԿ-ին եւ «Առաքելությանը»՝  2,6 տոկոս, ՕԵԿ-ին՝ 2, 5 տոկոս։: Հարցմանը մասնակիցները գնահատել են նաեւ քաղաքական ուժերի կարգախոսները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի «Ավելի լավ Երեւան»  եւ ԲՀԿ-ի՝ «Փոխելու ենք» կարգախոսները համապատասխանում են նրանց գործունեությանը,  իսկ ՕԵԿ-ի «Մենք կարող ենք ավելին» եւ ՀԱԿ-ի «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսները չեն համապատասխանում իրենց գործունեությանը։

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ծրագրերի գնահատմանը, ապա ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը գնահատվել է  4 միավոր,  ԲՀԿ-ինը՝ 3,7 միավոր, «Բարեւ, Երեւան» դաշինքինը»՝ 3,1 միավոր, ՀՅԴ-ինը՝ 2,8 միավոր, ՀԱԿ-ինը եւ «Առաքելությանը»՝  2,6 միավոր, իսկ ՕԵԿ-ինը՝  2,5  միավոր։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am