Նայեք GALLUP International association-ի հարցման արդյունքները նախագահական ընտրությունների ժամանակ եւ թեկնածուների ստացած տոկոսները: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ, «Բարեւ, Երեւան» դաշինքի համամասնական ընտրացուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ մտադիր չէ մեկնաբանել GALLUP International association-ի հարցման արդյունքները:
«Նրանց հարցման եւ իրականության միջեւ տարբերությունը երկինք ու երկիր է»,- ասել է նա:
Նշենք, որ GALLUP International association-ի հայաստանյան ներկայացուցչության հետազոտության արդյունքների համաձայն` եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների 41,5 տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության, իսկ 14,5 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9 տոկոսը, «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։ Հինգ բալանոց սանդղակով ՀՀԿ-ի քարոզարշավը գնահատվել է 3, 9 տոկոս, ԲՀԿ-ինը՝ 3, 7 տոկոս, «Բարեւ Երեւան» դաշինքինը՝ 3,2 տոկոս, ՀՅԴ-ինը՝ 2,9 տոկոս, ՀԱԿ-ին եւ «Առաքելությանը»՝ 2,6 տոկոս, ՕԵԿ-ին՝ 2, 5 տոկոս։:
Հարցմանը մասնակիցները գնահատել են նաեւ քաղաքական ուժերի կարգախոսները։ Ըստ այդմ՝ ՀՀԿ-ի «Ավելի լավ Երեւան» եւ ԲՀԿ-ի՝ «Փոխելու ենք» կարգախոսները համապատասխանում են նրանց գործունեությանը, իսկ ՕԵԿ-ի «Մենք կարող ենք ավելին» եւ ՀԱԿ-ի «Իշխանությունը՝ քաղաքացուն» կարգախոսները չեն համապատասխանում իրենց գործունեությանը։
Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ծրագրերի գնահատմանը, ապա ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը գնահատվել է 4 միավոր, ԲՀԿ-ինը՝ 3,7 միավոր, «Բարեւ, Երեւան» դաշինքինը»՝ 3,1 միավոր, ՀՅԴ-ինը՝ 2,8 միավոր, ՀԱԿ-ինը եւ «Առաքելությանը»՝ 2,6 միավոր, իսկ ՕԵԿ-ինը՝ 2,5 միավոր։




























