Ապրիլի 5-ի կեսգիշերին վթարի ենթարկված նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Զոհրաբ Զոհրաբյանը դուրս է գրվել «Արմենիա» բժշկական կենտրոնից: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին հիվանդանոցից: Նրանց փոխանցմամբ` Զոհրաբ Զոհարբյանի առողջական վիճակը լավ է, քայլում է, խոսում է, իսկ տեղի ունեցած պատահարը արդեն անցյալում է եւ որեւէ ազդեցության չի ունենա նրա հետագա կյանքի, առողջության վրա:
Զոհրաբ Զոհրաբյանի մամուլի քարտուղարից էլ տեղեկացանք, որ վթարի առթիվ հարուցված քրեական գործից որեւէ նորություն չկա, գործի շրջանակներում ներգրաված անձինք, ձերբակալվածներ չկան:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի կեսգիշերին Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում վթարի էր ենթարկվել նախկին ՀՀԿ-ական, ներկայումս ԲՀԿ շարքերը համալրած Զոհրաբ Զոհրաբյանը։ Վերջինս վարորդի հետ անգիտակից վիճակում տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ։ Ըստ ԱԻՆ լրատվական ծառայության՝ չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34VU251 համարանիշի եւ «Չերրի» մակնիշի 09UL425 համարանիշի ավտոմեքենաները: Զոհրաբ Զոհրաբյանը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում` գանգուղեղային տրավմա, կրծքավանդակի սալջարդ վնասվածքներով:
Փաստի առթիվ ապրիլի 5-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս):



























