Ներկայիս Հայաստանում եղածի մեծ մասը կառուցվել է ԽՍՀՄ-ի ժամանակ: Այս մասին մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու թեկնածու, ԲՀԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնող Գուրգեն Արսենյանը:

«Սակայն այդ ժառանգության նշանակալի մասն անկախության ձեռք բերումից հետո կորչել է»,-ավելացրեց պատգամավորը: Որպես իշխանությունների ոչ արդյունավետ եւ ոչ տնտեսվար աշխատանքի արդյունք նա նշեց մի շարք քանդված ու չգործող գործարանների մասին. «Բացառիկ «Նաիրիտ» գործարանը սնանակության եզրին է»,-ընդգծեց նա: Անդրադառնալով արտագաղթի բարձր ծավալներին, պատգամավորը նշեց, որ նախկինում երբեք չի տեսել, որ գյուղերում հող մշակեն կանայք ու թոշակառուները: Միաժամանակ նա նշեց, որ մեր երկրում իրենք «չունեն թշնամիներ, ունեն մրցակիցներ»: «Մեզ համար թշնամիներ են աղքատությունը, գործազրկությունը»: «Տվեք մեզ քվե` հենման կետ, եւ մենք կշրջենք իրավիճակը»,-հայտարարեց Գ. Արսենյանը: