Այսօր երեկոյան միացնելով հեռուստացույցը, դուք մառազմի տարածման ականատես կլինեք. տեղական սոցիոլոգները այնպես են վարկաբեկվել կեղծ հարցումներ հրապարակելուց, որ իշխանությունները դիմում են արտասահմանյան «GALLUP International association» կազմակերպությանը: Այս մասին մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆայանը:
«GALLUP-ը հայտնի ամերիկյան կազմակերպություն է, եւ պետք է նշել, որ անգամ նրա ներկայացրած հարցումների արժանահավատությունը չի գերազանցում մի քանի տոկոսը: Սակայն Մերձբալթիկայում բնակվող ինչ -որ արկածախնդիր տիկին պարզապես համանուն կազմակերպություն է գրանցել եւ գործարքի մեջ մտել Հայաստանի կառավարող շրջանակների հետ: Նրան վճարում են, իսկ նրա աշխատակիցները գալիս են Հայաստան եւ հարցումներ անցկացնում»,-նշեց Սաֆարյանը:
Ըստ նրա` պսեւդոհարցումների արդյունքների համաձայն` ՀՀԿ-ի օգտին կքվեարկի երեւանցիների 41% -ը. «Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա հանրապետականները պետք է դադարեցնեն նախընտրական արշավը, ցրվեն տներով, եւ մայիսի 6-ի առավոտյան իմանան արդյունքների մասին: Սա ոչ այլ ինչ է, քան ընտրազանգվածի վրա հոգեբանական ներգործության մեթոդ»:
Նշենք, որ «GALLUP International association»-ի անցկացրած հարցումների համաձայն` եթե առաջիկա կիրակի օրը լինեն Երեւանի ավագանու ընտրությունները, ապա երեւանցիների 41,5 տոկոսը ձայնը կտա Հանրապետական կուսակցության, իսկ 14,5 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ «Բարեւ, Երեւան» դաշինքին իր ձայնը կտա ընտրողների 7,9 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ 3,7 տոկոսը, ՀՅԴ-ին՝ 3,1 տոկոսը, ՀԱԿ-ինը՝ 2,9 տոկոսը, «Առաքելությանը»՝ 0,3 տոկոսը։ Հարցին դժվարացել է պատասխանել 26, 1 տոկոսը։
Հարցմանը մասնակցածներից 57, 6 տոկոսը քաղաքապետի պաշտոնում տեսնում է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին, Վարդան Օսկանյանին՝ 5,9 տոկոսը, Արմեն Երիցյանին՝ 3, 8 տոկոս, Արմեն Մարտիրոսյանին՝ 3,7 տոկոս, Վահագն Խաչատրյանին՝ 2,3 տոկոս, Արմեն Ռուստամյանին՝ 1,8 տոկոսը, Գուրգեն Արսենյանին՝ 1, 7 տոկոս, Մեսրոպ Առաքելյանին ՝ 0, 1 տոկոս, դժվարացեկ է պատասխանել 17, 9 տոկոսը։




























