Դաշնակցության համար ոչ մի տարբերություն չկա «Բարեւ Երեւան» դաշինքի, ՀԱԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ ընտրություններից հետո միանալու մեջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Վերջին տարվա գործունեությունից ելնելով, ակնհայտ է, որ միայն ՀՅԴ-ն կարող է միավորել մնացած բոլոր ընդդիմադիր ուժերին: Եվ այդ դեպքում ես ոչ մի խնդիր չեմ տեսնում այդ երեք ուժերի հետ միավորվելու հարցում»,-ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ ընդդիմության համար գլխավորը առավել շատ ձայներ հավաքելն է:

Հարցին, թե արդյոք «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի հայտարարությունը կարող է ազդել ընտրություններից հետո ընդդիմադիր ուժերի հնարավոր միավորման վրա, նա պատասխանեց, որ Ստյոպա Սաֆարյանը վատ բան է արել եւ ստացել համարժեք պատասխան, «սակայն դա չի կարող էական ազդեցություն ունենալ երկու ուժերի հարաբերությունների վրա»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՅԴ նախընտրական շտաբն արձագանքել էր Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառմանը, նշելով. «Նուրբ տղա է Ստյոպա Սաֆարյանը, նուրբ լարերից կախված: Facebook-ի իր պատին իբր քննադատում է քաղաքապետարանին՝ տեղադրած թուջե նստարանների թանկ գնի համար, բայց նաեւ նրբորեն փորձում է քար նետել Դաշնակցության ուղղությամբ: Դաշնակցությունը քաղաքական կուսակցություն է, տղա՛: Հարց ունես, հասցեատիրոջը դիմի՛ր: Նշածդ ձեռնարկության չորս հիմնադիրներից մեկը դաշնակցական է: Հետո՞:

Երեկ էլ այս նուրբը սոցիոլոգ էր դառել: Վստահ է՝ իրենք ընտրություններում ձայների ճնշող մեծամասնությունն են ստանելու, բայց վստահ չէ, թե Դաշնակցությունն ու ՀԱԿԿ-ը կհաղթահարեն շեմը: Սրանից ավելի նուրբ պատվերի հոտ է գալիս՝ թող այս ուժերը չանցնեն, որ Հանրապետականը մեծամասնություն ունենա:

Հարգելի՛ պարոն Րաֆֆի Հովհաննիսյան, կա՛մ լռեցրու դրանց, կա՛մ զգույշ եղիր, վերջում քեզ են վատ վիճակի մեջ դնելու: Պատվիրատուները հայտնի են»:

Իսկ դրանից ժամեր առաջ Սյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել էր.

«Հարց ՀՅԴ ընկերներին:

«Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդման հյուր, ավագանու ՀՀԿ ցուցակի անդամ Նաիրա Կարապետյանը բազմանշանակ հայտնեց, որ Երեւան քաղաքում տեղադրված գերթանկարժեք նստարանները (1 նստարանը արժե 165.000 դրամ, ինչը անպատկերացնելի թանկ է ու անհարկի ճոխություն) մատակարում է «Նիկոլ Դուման» ընկերությունը, որը կապ ունի ՀՅԴ-ի հետ: Նաիրա Կարապետյանի ակնարկն այն էր, որ նստարանները թանկ մատակարարում են, իրենք էլ թանկ գնում են, քանի որ էժան առաջարկ չկա: Վստահ եմ, որ էժան առաջարկ կլինի/կարող էր լինել, եթե մտքներին տեղ լիներ եւ ցանկանային այն գտնել: Բայց ՀՀԿ-ականի ակնարկի էությունն այն էր, որ եթե ինչ-որ մեկը շահում է դրանից, ապա դա ՀՅԴ-ական ընկերությունն է, քանի որ իրենք պարզապես «գնորդ են» /այլ ոչ թե ատկատչիկ/:

Գնդակը ձեր դաշտում է, հարգելի ՀՅԴ-ականներ: Ի՞նչ կպատասխանեք. «Նիկոլ Դումանն» է գերշահույթներ ստանո՞ւմ` սահմանելով շուկայականից անհարկի բարձր գին, թե՞ քաղաքապատերանն է նման թիվ նկարում, իսկ իրականում ձեռքբերում այլ գնով»: