Ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում պատմել է Դիլիջանի դպրոցի գաղափարի մասին: Նա նշել է, որ այն նախատեսված է լինելու 13- 19 տարեկանների համար, դասավանդումն իրականացվելու է անգլերենով:
«Դիլիջանի դպրոցի գաղափարը նրանում է, որ այն ոչ միայն մեր հայրենակիցների կողմից դիտարկվի որպես արեւմտյան երկրներում ուսուցման հնարավոր այլընտրանք եւ ուսումնական հաստատություն, որի շրջանավարտները մեծ հնարավորություն ունեն ընդունվելու ցանկացած համալսարան, այդ թվում` Ivy League», -նշել է Վարդանյանը:
Նրա խոսքով` Դիլիջանի դպրոցը միջազգային դպրոց է, որում կսովորեն երեխաներ առնվազն 60 երկրից, այդ թվում` Հայաստանից եւ ԱՊՀ երկրներից: Այս տարվա հոկտեմբերին դպրոցը կդառանա «United World Colleges»-ի լիիրավ անդամ եւ դա հնարավորություն կտա տարբեր երկրներից, այդ թվում` եվրոպական, UWC-ի ազգային կոմիտեների ցանցի միջոցով սովորողներ ընտրել:
«Նախագիծը ծնվել է իմ տանը: Ես չորս երեխայի հայր եմ, եւ իմ ու կնոջս համար այդ հարցը հրատապ է: Մեզ համար կարեւոր է, որ մեր երեխաները ստանան լավ կրթություն եւ միաժամանակ պահպանեն մեզ համար կարեւոր արժեքներին հավատարմությունը»,-ասել է գործարարը:
«Չնայած նրան, որ դասավանդումն անգլերենով է լինելու, մենք կառաջարկենք հայերենի եւ ռուսերենի խորացված դասընթաց` ազգային դպրոցական ծրագրերի համապատասխան»,-պատասխանել է նա:




























