Կրթության, բարեգործության, ուղիղ ներդրումների հետ կապված շատ անելիքներ կան: «Նովայա գազետա» թերթին տված հարցազրույցում ասել է ռուսաստանցի հայտնի գործարար, Sberbank CIB-ի համաղեկավար Ռուբեն Վարդանյանը` խոսելով Sberbank CIB –ի ծրագրերի մասին:
«Բոլոր այդ նախագծերը միջազգային մակարդակի են»,-ասել է նա: Վարդանյանի խոսքով` իր առաջին հայրենիքում նույնպես անելիքներ ունի: Ի տարբերություն Ռուսաստանի, որը մեծ հնարավորություններ է տալիս եւ այլ մասշտաբ է ենթադրում, բայց արդյունքը կարող է ի հայտ գալ տասը տարի հետո, Հայաստանի փոքր չափերը թույլ են տալիս բավական արագ տեսնել ներդրված ջանքերի արդյունքը:
«Վերցնենք, օրինակ, Տաթեւի վանական համալիրի վերականգնման ծրագիրը, որի շրջանակում ստեղծվում է զոբոսաշրջային, կրոնական, մշակութապատմական համալիր: 2010թ-ին մենք գործընկերների հետ ավարտեցինք «ՏաԹեւեր» ճոպանուղու կառուցումը»,-նշել է նա: Ռ. Վարդանյանն ընդգծեց, որ ճոպանուղու բացումից հետո զբոսաշրջիկների թիվը տասնյակ անգամներով ավելացել է: Միայն անցած տարի ճոպանուղուց օգտվել է մոտ հարյուր հազար մարդ, իսկ մոտակա քաղաքում վերջին երկու տարվա ընթացքում տասը նոր հյուրանոց է բացվել: «Մենք նախատեսում ենք նախագիծն ավարտել 2017թ-ին` Տաթեւի 1111-ամյակին» ,-ասաց նա:




























