Երեւանի Հյուսիսային պողոտայում քաղաքացիական հագուստով ինչ-որ անձ հրել եւ վիրավորել է Hetq.am էլեկտրոնային կայքի լրագրող Անի Հովհաննիսյանին, ով այդ ժամանակ փորձել է պարզել, թե ինչու են ոստիկանները հորդորում այդտեղ կիթառ նվագող քաղաքացուն հավաքել իրերը եւ հեռանալ։ Այս մասին հայտնում է Hetq.am կայքը՝ ներկայացնելով լրագրողի հետ տեղի ունեցածը։

«Հյուսիսային պողոտայով բարձրանում էի, երբ տեսա՝ ոստիկանական համազգեստով երկու անձ մոտեցել են փողոցային կիթառիստ Գեւորգին եւ ստիպում են հավաքել իրերն ու իրենց հետ ներկայանալ ոստիկանական բաժանմունք, իսկ քիչ հեռու կանգնած էր ոստիկանության  «Գազելը»:

«Հետքի» հետ զրույցում կիթառիստը նշել է, որ ոստիկանները պատճառաբանում են, թե Հյուսիսային պողոտայում բնակվող շենքերից մեկի բնակիչը բողոքել է, որ երաժշտությամբ խանգարում է իր հանգիստը: «Երբ մոտեցա և պահանջեցի ոստիկաններին ներկայանալ և նշել՝ ինչո՞ւ են երաժշտին ապօրինի հրավիրում բաժանմունք, քաղաքացիական համազգեստով մեկը նախ վիրավորեց ինձ, իսկ հետո հրեց»,- գրել է Անի Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ անձը համացանցում հայտնի է որպես Վ. Ղուկասյան, մականունը՝ Դոգ:

Ինտերնետում նրա վերաբերյալ միակ տեղեկատվությունն, ըստ լրագրողի, 2011-ի հոկտեմբերի 14-ին տեղադրված տեսանյութն է, որտեղ Վ. Ղուկասյանը, սպանված լեյտենանտ Արտակ Նազարյանի հարազատների հետ վիճաբանության ժամանակ, պաշտպանում է ՊՆ շահերը: