Այսօր՝ ապրիլի 28-ին, ժամը 03:15-ի սահմաններում, Իջեւան-Կայան ավտոճանապարհին «ՈՒԱԶ» եւ Opel Vectra մակնիշի մեքենաները բախվել են իրար, ինչ հետեւանքով 6 հոգի տեղափոխվել են Իջեւանի հիվանդանոց:
Բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պառավաքարի բնակիչներ 18-ամյա Արտակ Զոհրաբյանի մոտ առկա են դեմքի քերծվածքներ, 17-ամյա Սարգիս Հովհաննիսյանի մոտ` աջ հոնքի եւ գլխի պատռվածք, 19-ամյա Գեւորգ Եսայանի մոտ` ձախ կոնքազդրային հոդախախտ, իսկ Ազատամուտի բնակիչ Էդգար Գասպարյանի մոտ` ձախ դաստակի քերծված, պատռվածք վերք: Նրանք բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից: Վթարի հետեւանքով մյուս տուժողները` Սարգիս Չիչյանը եւ Աշոտ Բրուտյանը Իջեւանի բժշկական կենտրոնից տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Սարգիս Չիչյանի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք, իսկ Աշոտ Բրուտյանի մոտ` գլխուղեղի ծանր սալջարդ:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Սարգիս Չիչյանի վիճակը կայուն է, իսկ Աշոտ Բրուտյանի վիճակը ծանր է, նա կոմայի մեջ է, գիտակցություն չունի, միացված է արհեստական շնչառության ապարատին:
Ի դեպ, Էդգար Գասպարյանը եւ Գեւորգ Եսայանը պայմանագրային զինծառայողներ են:




























