Հարկային օրենքներում հաճախակի փոփոխություններին պետք է վերջ տալ: ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսպես դիմեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանին, երբ վերջինս ԱԺ-ում ներկայացնում էր «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Ամիսը մեկ, երկու ամիսը մեկ փոփոխություններ եք բերում, դրան պետք է վերջ տալ, տնտեսվարողները դժգոհում են: Հարկային միասնական օրենսգիրք պետք է վերջապես տպագրել, եթե միջոցներ չկան՝ տեսնենք որտեղից հայթայթենք միջոցներ»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Ըստ Վ. Գաբրիելյանի՝ «Եկամտային հարկի մասին» օրենքը 2013 թ. հունվարի 1-ից կիրարկման մեջ դնելուց հետո ի հայտ են եկել խնդիրներ, մասնավորապես՝ զինծառայողների եկամուտները հարկելու հետ կապված, ինչը ստիպել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ:




























