Երեւանում վնասված հաղորդուղիների վերականգնման աշխատանքներ իրականացնող ընկերություններին հանձնարարվել է կարճ ժամկետներում վերականգնել այդ աշխատանքների ժամանակ վնասված ասֆալտբետոնե ծածկույթն ու տարածքները բերել բարեկարգ տեսքի: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Հանձնարարվել է խստացնել վերահսկողությունն արգելված վայրերում շինարարական եւ կենցաղային աղբի կուտակումները բացառելու ուղղությամբ:
Տրանսպորտի վարչության պետի զեկույցի համաձայն՝ շարունակական խիստ վերահսկողություն է սահմանված հատկապես երեկոյան ժամերին հասարակական տրանսպորտի երթեւեկության ժամանակացույցի պահպանման ուղղությամբ:
Հանձնարարվել է շաբաթ եւ կիրակի օրերին կարգավորել ավտոշուկայի գործունեությունն այնպես, որ հարակից տարածքի բնակչության համար անհարմարություններ չստեղծվեն:
Քաղաքապետարանի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող ասֆալտապատման եւ շինբարեկարգման աշխատանքների մասով հանձնարարվել է հետեւողական ուշադրություն դարձնել աշխատանքների ինչպես որակի, այնպես էլ սահմանված ժամանակացույցի պահպանման նկատմամբ: Միաժամանակ հանձնարարվել է նախորդ տարվա աշխատանքներում ի հայտ եկած թերությունները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներն առավելագույն սեղմ ժամկետում ավարտելու համար սահմանել հստակ ժամանակացույց:
Հանձնարարվել է խիստ վերահսկողություն սահմանել տնտեսվարողների կողմից հարակից տարածքների պարտադիր բարեկարգման նորմերի պահպանման ուղղությամբ եւ մեկշաբաթյա ժամկետում վերացնել առկա թերությունները:
Բոլոր վարչական շրջաններում շարունակվում է վթարային էլեկտրասյուները նորերով փոխարինելու գործընթացը: Հանձնարարվել է նորերով փոխարինել վնասված էլեկտրալամպերն ու փողոցներում, այգիներում եւ պուրակներում, ինչպես նաեւ բակային տարածքներում ապահովել անխափան լուսավորություն, հետեւողական ուշադրություն դարձնել նաեւ շենքերի գեղարվեստական լուսավորության անխափան աշխատանքին:
Համապատասխան կառույցներին հանձնարարվել է կազմել Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքների ժամանակացույց, ինչպես նաեւ պարբերաբար իրականացնել մայրաքաղաքի հեղեղատարների մաքրման աշխատանքները:




























