Ես մտադիր չեմ Ժիրայր Սեֆիլյանին իր ոճով պատասխանել, քանի որ Սեֆիլյանը ազգի հերոս է: Այդ մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է նախագահի նախկին թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` մեկնաբանելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանի արտահայտությունները:
Հովհաննիսյանի խոսքով, ինքը հանդիպել է Սեֆիլյանի հետ, կոչ արել մասնակցել միացյալ պայքարին, իսկ այժմ «ընկերների հետ միասին նախաձեռնություն է սկսել»: «Ես ուրախ կլինեմ, եթե նրանք անեն այն, ինչ ես չեմ արել: Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար արժեք է ներկայացնում, եւ ես մտադիր չեմ գնահատական տալ նրան: Մայիսի 5-ին մենք Երեւանում կտեսնենք իրական իրավիճակը եւ կորոշենք` մայիսի 9-ին միասին, թե առանձին հանդես կգանք»:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայ ազգային կոնգրեսն աշխատել է իր դեմ, Հովհաննիսյանը պատասխանել է. «Ես արդեն անցել եմ այդ փուլը, ինձ համար բնական է, որ որոշ մարդիկ որպես թիրախ ընտրում են Րաֆֆիին կամ «Բարեւ, Երեւան» դաշինքը: Եւ դա վերաբերում է ոչ միայն ՀԱԿ-ին»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նշել էր, թե վերջին մի քանի ամիսներին իրենց չի հաջողվել համոզել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, որ նա հստակ գործողությունների ծրագիր ընդունի` բողոքի ալիքն առաջնորդող խմբերով ղեկավարելու համար: «Ժողովրդի դժգոհության աննախադեպ ալիքի պայմաններում կարելի էր կյանքի կոչել այդ բոլոր փոփոխությունները, բայց, ցավոք, մեզ չհաջողվեց համոզել Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ պետք է պայքարը սկսենք մեր մեթոդներով»,- ասել էր նա` հավելելով, որ անցել են առաջնորդների ժամանակները, եկել է առաջնորդող խմբերի ժամանակը:
Լուսանկարը` Արսեն Սարգսյանի/NEWS.am



























